Առակ հարսի և սկեսուրի մասին․այս առակը պետք է կարդան բոլորը

Մի գեղեցկադեմ օրիորդ սիրահարվում  և ամուսնանում է: Ամուսինը նրա համար երազանքների ասպետ էր թվում,բայց նրանց  ամուսնական երջանկությանը խոչընդոտում էր ամուսնու մայրը, որն այդքան էլ չէր հավանում իր հարսին:

 Սկեսուրն անընդահտ նկատողություններ էր անում, դժգոհում հարսի պահվածքից։

Ի վերջո հարսը չի դիմանում և որոշում է ազատվել սկեսուրից: Նա օգնություն է խնդրում իր հոր ընկերոջից, որը զբաղվում էր տարբեր խոտերի վաճառքով:

 — Մի կին կա, ում ես ողջ սրտով ատում եմ, դա իմ սկեսուրն է: Նրա հետ մեկ տան մեջ ապրելն անտանելի է: Ես Ձեզ շատ եմ խնդրում` օգնեք ինձ ձերբազատվել նրանից։Ես Ձեզ կվճարեմ այնքան, որքան կկամենաք:

 — Բայց ինչո՞վ ես կարող եմ քեզ օգնել,-հարցնում է վաճառողը:

 —Ինձ թույն վաճառեք, ես կթունավորեմ նրան, և իմ բոլոր խնդիրները կլուծվեն:

 Երկար մտածելուց հետո խոտաբույսեր վաճառողը պատասխանեց.

 — Լա´վ, ես կօգնեմ քեզ, բայց երկու բան կա, որ դու պետք է կատարես:Ես քեզ խոտաբույսեր կտամ, որոնք դանդաղ են թունավորում մարդու օրգանիզմը, և մահը միանգամից վրա չի հասնում: Եթե դու դրանք օգտագործես, ոչ ոք ոչնինչ չի կասկածի: Երկրորդ` դու պետք է այնպես անես, որ քեզ ոչ ոք ոչնչում չկասկածի. դրա համար պետք է կարողանաս զսպել զայրույթդ և սկեսուրիդ հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը: Սկսիր հարգել և սիրել սկեսուրիդ, սովորիր լսել և հասկանալ նրան։

Նա  համաձայնում է կատարել բոլոր պայմանները:Վերցնում է խոտաբույսերը և սկսում դրանք քիչ-քիչ ավելացնել սկեսուրի ուտելիքի և թեյի մեջ: Նա սովորում է կառավարել իր բարկությունը, փորձում է լսել և հասկանալ սկեսուրի խորհուրդները, հանդուրժող լինել նրա թերությունների նկատմամբ: Կամաց-կամաց հարսն ինք  էլ չի զգում, թե ինչպես է սկսում հարգանքով վերաբերվել սկեսուրին:Սկեսուրն էլ զգալով իր հարսի լավ վերաբերմունքը, սկսում է բոլորի մոտ կրկնել, որ իր հարսն աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելացի տան տիկինն է: Կես տարի անց կանանց միջև հարաբերությունները լիովին շտկվում և բարելավվում են։

Հարսիկը խուճապահար դիմում է խոտաբույսեր վաճառողին.

 —Աղաչում եմ Ձեզ, փրկեք իմ սկեսուրին, ես չեմ ուզում, որ նա մահանա իմ տված թույնից: Նրա համար հակաթույն տվե´ք, խնդրում եմ: Հիմա մենք շատ լավ ենք հասկանում իրար, նա աշխարհի ամենալավ սկեսուրն է:

 Խոտաբույսեր վաճառողը ժպտալով պատասխանում է.

 — Հանգստացի´ր, իմ տված խոտաբույսերի մեջ թույն չկա, ընդամենը սննդային հավելումներ են եղել: Իրական, թույնը մարդու ուղեղում է, իսկ դու կարողացար ազատվել այդ թույնից:

 

Spread the love
  •   
  •   
  •