«Պետք է կանգնեմ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում». 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը «չի հասկանում», թե ինչում են իրեն մեղադրում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ հայտարարությամբ հանդես գալու համար։ Ընդմիջումից հետո նիստը վերսկսելուն պես դատախազներից Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ առարկում է դատավորի գործողությունների դեմ՝ երկու պատճառով։

«Նախ՝ թույլ չեք տալիս առարկություն ներկայացնել, ենթադրում եմ՝ այն պատճառով, որ մենք ուրիշների նման չենք կանգնում ու հայտարարում, որ չենք նստելու մինչև հայտարարությունը չանենք։ Եվ երկրորդ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 334-րդ հոդվածը, որը կարգավորում է ձեր գործողությունները, որոնք դուք կատարում էիք ընդմիջելուց անմիջապես առաջ, ենթադրում է քննարկում, խոսակցություն՝ բացառապես ամբաստանյալի հետ, դուք թույլ տվեցիք, որ այդ քննարկմանը մասնակցի պաշտպանը, ոչ միայն մասնակցի, այլև ամբաստանյալի դիրքորոշումները ձեզ ներկայացվեն միջնորդավորված ձևով։ Ավելին՝ առանց մեր դիրքորոշումը հաշվի առնելու, դուք փաստացի հնարավորություն տվեցիք, որպեսզի ամբաստանյալը ձեր հարցերին, այդ թվում՝ մեղադրանքը պարզ լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին, պատասխանի քննարկումից հետո, այսինքն՝ ընդմիջման ժամանակ պարզի, թե մեղադրանքի որ հատվածն իրեն հասկանալի չէ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Այնուհետև պաշտպանական կողմը հայտարարեց, որ մեղադրական եզրակացությունն իրենց հասկանալի չի, և իրենց պաշտպանյալներին մեղադրանքը պարզաբանված չէ։

Պաշտպաններից հետո Ռոբերտ Քոչարյանը ևս ասաց, որ իսկապես չի հասկանում այս մեղադրանքի էությունը։

«Շատ դրվագներ կային, բայց ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ի՞նչ եմ արել, ինչը չպիտի անեի, կամ ի՞նչ չեմ արել, ինչը պիտի անեի։ Ուղղակի նկարագրված չի որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա։ Ես պետք է գամ, երբ որ գա այդ փուլը, կանգնեմ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում։ Օրինակ, ասում է՝ չխոչընդոտել, վերջապես պետք է ինձ ցույց տա, թե ինչ լիազորությամբ ես կարող էի խոչընդոտել, որ չեմ խոչընդոտել։ Շատ պարզ բաներ կան։ Օրինակ, ասում են՝ վարչատնտեսական, կազմակերպական, տնօրինչական ինչ-որ լիազորություններ, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, չեմ հասկանում, որովհետև նախագահի լիազորությունները սպառիչ նկարագրված են Սահմանադրության մեջ, այդպիսի լիազորություններ ես երբեք չեմ ունեցել։ Ինձ համար բովանդակությունը պարզ չի։ Գտեք տարբերակ՝ բացատրելու համար, թե ինձանից ինչ են ուզում ընդհանրապես, ինչի մեջ եմ մեղադրվում ես»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհետև դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը գտնում է, որ մեղադրանքը պարզաբանված է, և կրկին հարցրեց, թե առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, ինչին կրկին արձագանքեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրենք չեն կարող հաջորդ փուլին անցնել, քանի դեռ իրենց չեն պարզաբանել մեղադրանքը։

Այնուհետև Հայկ Ալումյանի խոսքն ակնհայտ նյարդայնացած կերպով ընդհատելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Մենք ֆանտաստիկ բան չենք ուզում, չէ՞, պարզաբանեք՝ ի՞նչ լիազորությունների մասին է խոսքը, օդից բաներ չենք խոսում»։

Այս ամենից հետո դատավորն ասաց, որ դատարանն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր դատավարական իրավունքից հրաժարվել է և դատարանի հարցին չի պատասխանել։

Դրան հաջորդեց այն, որ Հայկ Ալումյանը հայտարարեց, թե ի նշան բողոքի այս դատական նիստին չի մասնակցի, իսկ երբ դատավորն ասաց, որ չի թույլատրում լքել նիստերի դահլիճը, Ալումյանն ասաց, որ ինքը դատարանից թույլտվութուն չի հարցնում, և սա իր բողոքի ակցիան է։

Այս ամենին հաջորդեց այն, որ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը լքեցին նիստերի դահլիճը, դատարանն էլ արձանագրեց, որ պաշտպաններ Ալումյանն ու Խուդոյանն առանց թույլտվության լքել են նիստերի դահլիճը, որի պայմաններում դատական նիստը շարունակելը դատարանը համարում է անհնարին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց հետևյալը. «Քանի որ պաշտպաններն ակնհայտ դարձրեցին իրենց վարքագծի շարժառիթը, ընդհուպ արձանագրեցին, որ չեն հարցնում դատարանի թույլտվությունը՝ դատարանի նիստերի դահլիճից հեռանալու համար, ես միջնորդում եմ դատական սանկցիա կիրառել նմանատիպ վարքագիծը կանխելու համար»։

Դատախազի խոսքից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ