41-ամյա Սիմոնին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության ու բռնի սեքսուալ գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 139 հոդվածի 1-ին մասով:
Որպես բանվոր աշխատող դեպքի կատարման ժամանակահատվածում «գործուղման» մեջ է եղել և որպես բանվոր աշխատել է Սյունիքի մարզի բնակավայրերից մեկում:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30 -ին նա շենքերից մեկի բակում նկատել է շքամուտք մտնող մի կնոջ, հավանել ու հետևել է, որ տեսնի, թե որ բնակարան է մտնում կինը: Մտապահել է բնակարանի տեղը:
Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Սիմոնը գնացել է վերոհիշյալ բնակարան, թակել է դուռը:
Կինը առանց հարցնելու, մտածելով, թե հարևաններն են, բացել է դուռը: Սիմոնը ներս է մտել, փակել է դուռը և պատճառաբանելով, թե վատ է զգում, սուրճ է պահանջել: Կինը մերժել է:
Սիմոնը, կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, համոզվելով, որ կինը այդպիսի ցանկություն չունի, ձեռքերով փակել է կնոջ բերանը, որ չգոռա և օգնություն չկանչի, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին՝ դիմադրությունը կոտրելու նպատակով, ապա գցել է հատակին, գլուխը մի քանի անգամ հարվածել է հատակին:
Կնոջ ձեռքից խլած դանակը Սիմոնը պահել է նրա վրա, սպառնացել է հարվածել, սպանել, ապա բռնություն գործադրելով՝ հանել է կնոջ շորերը, մերկացրել ու խահանոցի հատակին նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Կինը կորցրել է գիտակցությունը: Սիմոնը դադարեցրել է սեռական ակտը:
Երբ կինը գիտակցության է եկել, Սիմոնը նրան քարշ տալով տարել է ննջասենյակ, հրել-գցել է մահճակալին, նորից բռնություն գործադրելով՝ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ հետը, բայց չի կարողացել:
Այդ ժամանակ նա սեքսուալ բռնի գործողություն է կատարել կնոջ նկատմամբ, վերցրել է նրա հեռախոսն ու հեռացել է:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքում Սիմոն Դ.-ն հայտնել է, որ տվյալ բնակավայրում ապրել է գործընկերների հետ՝ վարձակալական հիմունքներով:
2017 թվականի նոյեմբերի 30-ին աշխատանքից վերադառնալիս շենքերից մեկի բակում տեսել է մի կնոջ, բարևել է, կինը չի պատասխանել: Ինքը նրա հետևից մտել է շքամուտք ու տեսել է, թե որ բնակարան նա մտավ:
Հաջորդ օրվա երեկոյան ընկերների հետ խմել է, դուրս է եկել, մի քանի շիշ գարեջուր էլ է խմել, զգացել է, որ հարբել է: Հիշել է նախորդ օրվա կնոջը, որոշել է գնալ ու նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
Գնացել ու թակել է այդ կնոջ տան դուռը: Կինը առանց հարցնելու բացել է, ինքը դուռը հրել ու ներս է մտել, ապա դուռը փակել է փականով: Կնոջից սուրճ է պահանջել, նա չի տվել, գնացել է խոհանոց, դանակ է վերցրել ու հարվածել է իր ճակատին, բայց ինքը դանակը խլել է նրա ձեռքից, նրան գցել է հատակին, բռնել է մազերից ու գլուխը երկու անգամ հարվածել է հատակին:
Հանել է կնոջ շորերը, կինը դիմադրել է, ինքը նրան հարվածներ է հասցրել, սկսել է սեռական հարաբերություն ունենալ հետը:
Կինը կորցրել է գիտակցությունը: Ինքը դադարեցրել է սեռական հարաբերությունը, նրա կողքին նստել ու ծխել է:
Կինը որոշ ժամանակ հետո ուշքի է եկել, ինքը նրան օգնել, հատակից բարձրացրել է: Նա ոտքի վրա կանգնել չի կարողացել, ինքը խալաթը գցել է նրա վրա, տարել է ննջասենյակ, պառկեցրել է մահճակալին ու նորից ցանկացել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:
Կինը դարձյալ չի թողել, ինքն էլ չի կարողացել, ստիպված մատով է գործողություն կատարել, վերցրել է նրա հեռախոսներն ու հեռացել է:
Սիմոնի հեռանալուց հետո կինն անմիջապես զանգել է բարեկամուհուն, ասել է, թե մի անծանոթ տղամարդ է մտել իր տուն, իր հետ «ինչ ասես՝ արել է»:
Բարեկամուհին զանգել է եղբորն ու շտապել է տուժողի տուն: Բակում նա տեսել է մի անծանոթ տղամարդու: Մոտեցել ու հարցրել է՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում էստեղ: Տղամարդը չի պատասխանել: Հետո ասել է, թե ինչ-որ մեկի բարեկամն է, ու ձեռքը տարել է գրպանը: Տուժողի բարեկամուհին վախեցել է, թե տղամարդը դանակ կհանի, պահանջել է, որ ձեռքը գրպանից հանի: Հեռախոսի լույսը պահել է այդ տղամարդու վրա, տեսել է, որ նրա շալվարին արյան հետքեր կան: Ձեռքը տարել է նրա բաճկոնի գրպանը, հեռախոս է հանել, տեսել է, որ բարեկամուհու հեռախոսն է, հասկացել է, որ սա հենց բարեկամուհու տուն ներխուժած մարդն է:
Այդ պահին եղբայրը եկել է: Վերջինս բռնել է Սիմոնին, իսկ քույրը վազել է մոտակայքում ապրող ոստիկանի տուն ու հայտնել է կատարվածի մասին: Հետո գնացել է տուժողի տուն, տեսել է, որ նրա դեմքն այտուցված է: Նա պատմել է, թե ինչ է կատարվել: Նրան տարել են հիվանդանոց, իսկ Սիմոնին բերման են ենթարկել ոստիկանություն…
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սիմոն Դ.-ն ճանաչվել է մեղսունակ:
Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքները Սիմոն Դ.-ն կատարել է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով:
Դատարանը հաշվի է առել նաև, որ Սիմոն Դ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները:
Սիմոն Դ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 2-ից:
Սիմոն Դ.-ից հօգուտ տուժող կնոջ կբռնագանձվի 83 հազար դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում, իսկ հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 143 հազար 400 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով պատժի մեղմացման առումով փոփոխել դատավճիռը, մեղսագրված արարքների համար սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և վերջնական պատիժ սահմանել 5 տարի 6 ամիս ազատազրկում:
Վերաքննիչ դատարանում պաշտպանը, հիմնավորելով բողոքը, նշել է, թե իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:
Դատավճռում, ըստ պաշտպանի, պատճառաբանված չէ՝ ինչո՞ւ չեն սահմանվել մեղսագրված արարքների համար նախատեսված ամենամեղմ պատժաչափերն այն դեպքում, երբ առկա են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ: Դրանք են՝ ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելն ու զղջալը, նա առաջին անգամ է հանցավոր արարք կատարել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի:
Պաշտպանն ընդգծել է՝ կարևորը կատարածի հետևանքները հասկանալն ու գիտակցելն է, կատարվածից ճիշտ հետևություններ անելը: Ամբաստանյալը, ըստ պաշտպանի, այդ ամենն արել է:
Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալին 9 տարով ազատազրկելով չէ, որ սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Իր պաշտպանյալին հնարավոր է ուղղել նաև ավելի մեղմ պատժաչափ սահմանելով:
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալին մեղսագրված հոդվածներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված է 4-ից 10 տարի ազատազրկում, իսկ մյուս հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով՝ 3-ից 6 տարի ազատազրկում:
Ընդհանուր իրավասության դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանը կատարված հանցագործությունների համակցությամբ սահմանել է համաչափ պատիժ, և նշանակված վերջնական պատիժը՝ 9 տարի ազատազրկումը, մեղմացնելու հիմքեր չկան:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը և Սիմոն Գ.-ի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը՝ 9 տարի ազատազրկումով, թողեց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:
Աղբյուրը՝ 1in.am