ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար այսօր կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրն» ունի՞ ֆավորիտ նախագահի պաշտոնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել, բայց հիմա հասկանալի է, որ մենք այդ թեման լրջորեն պետք է քննարկենք։ Քննարկումների արդյունքում որոշումներ կայացնելիս պիտի նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով։ Այո՛, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ, իհարկե, առանց խորհրդարանական մեծամասնության հնարավոր չէ ՀՀ նախագահի ընտրությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն։

«Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Պիտի լինի այնպիսի մի իրավիճակ, երբ խորհրդարանը, Կառավարությունը, ՀՀ նախագահն իրենց կապված զգան քաղաքական պատասխանատվությամբ։ Մեր մտքերի ընթացքն այսպիսին է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս պահին որևէ որոշում չկա։

Փաշինյանն ավելացրեց, որ ներդաշնակության սակավության պատճառով շատ լուրջ մարտահրավերներ են եղել։

«Մասնավորապես, նախորդ տարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համատեքստում մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում: Շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառնչվենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ