«Եզը որ գալիս է պալատ, թագավոր չի դառնում։ Բայց պալատը դառնում է գոմ». Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել

Թուրքիայում հայտնի լրագրող է ձերբակալվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Նրան սպառնում է ազատազրկում:

Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Շաբաթ օրը, գիշերը ժամը 2-ին, ոստիկանները ձերբակալել են Սեդեֆ Քաբաշին և տարել ոստիկանական բաժանմունք: Մինչև դատավարությունը Քաբաշը կմնա կալանավորված:

Ենթադրյալ վիրավորանքը ասացվածք էր, որը Քաբաշն ասել էր հեռուստատեսությամբ, ինչպես նաև գրել էր իր Թվիթերյան էջում:

Այն թարգմանվում է այսպես. «Եզը որ գալիս է պալատ, թագավոր չի դառնում։ Բայց պալատը դառնում է գոմ»։

«Նախագահի պաշտոնի պատիվը մեր երկրի պատիվն է: Ես դատապարտում եմ մեր նախագահի և նրա գրասենյակի հասցեին հնչեցված գռեհիկ վիրավորանքները», – ասել է Թուրքիայի կապի վարչության ղեկավար և Էրդողանի գլխավոր խոսնակ Ֆահրեթթին Ալթունը։

Նշենք, որ նախագահին վիրավորելու մասին օրենքը նախատեսում է մեկից չորս տարվա ազատազրկում։ Անցյալ հոկտեմբերին Եվրոպայի մարդու իրավունքների բարձրագույն դատարանը Թուրքիային կոչ արեց փոխել օրենսդրությունը:

Հազարավոր մարդիկ մեղադրվել և դատապարտվել են Էրդողանին վիրավորելու հանցագործության համար՝ վարչապետից նրա նախագահ դառնալուց հետո՝ յոթ տարվա ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ