Հայաստանը շախմատի նոր չեմպիոն ունի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: 11 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ 23-ամյա Մանուել Պետրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

Առաջնության վերջին՝ 11-րդ տուրից առաջ Մանուել Պետրոսյանը 7 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Նրանից կես միավորով հետ էին մնում Շանթ Սարգսյանն ու Հայաստանի 2018 թվականի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը։

11-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սևերով խաղում էր Արման Միքայելյանի դեմ և -րդ քայլում ստիպեց Միքայելյանին հանձնվել։ Տարած հաղթանակի արդյունքում Մանուել Պետրոսյանն անհասանելի դարձավ իր մոտակա մրցակիցների համար ու անկախ նրանց պարտիաների արդյունքներից՝ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնությունում Մանուել Պետրոսյանը 11 տուրերում տարավ 6 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի և կրեց ընդամենը 1 պարտություն։

Հայաստանի չեմպիոն հռչակվելու շնորհիվ Մանուել Պետրոսյանը կընդգրկվի շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում և հնարավորություն կունենա մասնակցել այս տարվա ամռանը Մոսկվայում կայանալիք շախմատային Օլիմպիադային։

Հավելենք, որ ավելի վաղ, կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիամ Մկրտչյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ