Տեր Խոսրով քահանան տիկ-տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։
— Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

— Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ