Պատերազմում երկու որդիներ կորցրած ամուսիները կրկին զավակ են ունենալու

Վերջին պատերազմը Գևորգյաններից խլեց նրանց երկու զավակներին: Սակայն պատերազմից մեկ տարի անց այս ընտանիքում կրկին արթնացել է վերապրելու հույսը: Որդեկորույս ծնողներն սպասում են երրորդ զավակի լույս աշխարհ գալուն: 47-ամյա տիկին Արևիկն արդեն 12 շաբաթական հղի է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում զավակներին կորցրած մայրն ասում է՝ տղաների՝ Գևորգի ու Կարենի զոհվելուց հետո ապրելու իմաստն իսպառ կորել էր: Մեկ տարի «հայրիկ ու մայրիկ» կանչը չլսած ամուսիները միայնակ էին մնացել ցավի, վշտի և կսկիծի հետ, սակայն մեծ դժվարությամբ կայացրել են որոշումը՝ այդ կանչը վերականգնելու:

Տիկին Արևիկի խոսքով՝ կրկին զույգ էին ցանկանում ունենալ, որպեսզի երկու զավակներն էլ վերածվեին, ինչպես հայտնի երգի մեջ է ասվում՝ «թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են՝ ախպերս ու ես»:

«Չէի հավատում ու չէի պատկերացնում, որ այս տարիքում կարող եմ նորից հղիանալ: Ինձ համար անսպասելի էր, թեև բժիշկն ասել էր, որ որևէ խնդիր չունեմ: Մինչև հիմա ականջներումս է բժշկուհու ձայնը՝ «շնորհավորում եմ, տիկին Արևիկ, Դուք հղի եք»: Երբ իմացա, որ տղա եմ լույս աշխարհ բերելու, կարծես մեռած կյանքս լուսավորվեց»,- խինդ ու լաց միախառնած՝ պատմում է մայրը:

Կրկին երեխա ունենալու ցանկությունն ընտանիքի հոր մոտ է առաջացել: Տղաների մահից մեկ տարի անց Արևիկին իր մայրն ու ամուսինն են քաջալերել, որ նորից մայրանա:

Երրորդ երեխան, ինչ խոսք, տղաներից ոչ մեկին չի փոխարինի, սակայն որդեկորույս ծնողների կյանքին նոր իմաստ կտա: Անհամբեր սպասում են նրա ծննդին, բայց մի հարցում դժվարության առաջ են կանգնել. «Չենք իմանում՝ ում անունը պետք է դնենք: Գևորգիս անունը չեմ դնի, քանի որ նա ամուսնացած էր ու մի բալիկ ունի: Որոշել էի Կարենիս անունը դնել, բայց ամուսինս չի ցանկանում, չի ուզում, որ մեր այս բալիկը փոխարինի մյուս տղաներիս: Որոշել ենք նրան անվանել Արեն. դա Գևորգիս սիրած անուն էր, որոշել էր՝ եթե տղա ունենար, այդ անունով պիտի կոչեր»:

26-ամյա Գևորգ Գևորգյանն ու 22-ամյա Կարեն Գևորգյանը 2 տարի ծառայել են Ոստիկանության զորքերում: Դրանից հետո սկսվել է պատերազմը, առաջին իսկ օրերից տղաներն իրենց ծառայակից ընկերների հետ հայրենիքի համար մարտնչել են նախ Քարվաճառում, հետո՝ Շուշիում:

Մոր խոսքով՝ որդիներին մարտի դաշտ ճանապարհելիս նա մի ակնթարթ իրեն մեղավոր է զգացել, հետո՝ սթափվել. հայրենասիրությունն ինքն է սերմանել զավակների մեջ: «Մի ամիս Քարվաճառում էին կռվում: Հոկտեմբերի 29-ին վերադարձան ու երկու օր տանն անցկացրին: Նոյեմեբերի 2-ին նորից ճանապարհեցի մարտի դաշտ, նրանց վերջին անգամ հենց այդ օրն էլ տեսել եմ: Սկզբում մենք էինք իրենց ոգեշնչում, որ գնան, բայց երկրորդ անգամ ուզում էի, որ գոնե տղաներիցս մեկը մնար: Գոնե Գևորգս մնար, որովհետև ամուսնացած էր, 1 տարեկան փոքրիկ ուներ: Սակյան տղաս չլսեց, եղբոր հետ միասին գնաց: Մեզ ասում էին՝ մեր հայրենիքն է, պետք է պաշտպանենք»,- պատմում է զավակներին կորցրած կինը:

Հրամանատարությունը ևս կողմ չի եղել, որ երկու եղբայրներով մարտի դաշտում գտնվեն, սակայն Կարեն ու Գևորգը հրաժարվել են մենակ թողնել իրարու: Մոր խոսքով՝ տղաները, թեև արդեն մեծ էին, սակայն ունեին ամուր կապվածություն: Այդ կապն արտահայտվել է նաև կռվի դաշտում:

«Հայրենասիրությունն ու եղբայրասիրությունն էր, որ երկուսով գնացին կռվի, կողք կողքի կռվեցին, կողք կողքի էլ զոհվեցին: Նոյեմբերի 7-ի առավոտյան Գևորգը զանգահարել է կնոջն ու ասել՝ երեխայիս լավ կնայես: Մեզ հետ գրեթե չէին խոսում, ամուսնացած որդիս կապը հիմնականում կնոջ հետ էր պահում, Կարենը՝ ընկերների: Զինակիցները պատմում են, որ Գևորգը փրկվելու հնարավորություն ունեցել է, բայց երբ իմացել է, որ եղբայրը շրջափակման մեջ է, բաժանվել է զինակիցներից ու գնացել դեպի Կարենի ուղղությամբ»,- ասում է տիկին Արևիկը:

Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: Ծնողները տեղյակ չեն եղել, որ որդիները կռվում են Շուշիում, քանի որ տղաները գաղտնի են պահել դա: Նրանց զոհվելուց հետո նոր միայն Գևորգի կինը ծնողներին պատմել է, որ նա հաճախ զրուցելու ընթացքում ասել է՝ շրջափակման մեջ են, հնարավորություն չունեն դուրս գալու:

Կարեն և Գևորգ Գևորգյանները հուղարկավորվել են նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզի Խանջյան գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ