Բելառուսի ԱԳՆ–ի տեղեկատվության և թվային դիվանագիտության վարչության պետ–մամուլի քարտուղար Ա. Գլազն այսօր մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արված հայտարարությունը։
Նախօրեին Փաշինյանը մեկնաբանել է նոյեմբերի 12–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպումը, որի ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին։
Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «զարմացած է, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ»։ ՀՀ վարչապետի պաշտոնատակարը նաև տեղեկացրել է, որ պիտի պարզաբանումներ պահանջի «Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։
«Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ով իրավասու է պատժել կամ ներում շնորհել», – նշվում է Գլազի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բելառուսի արտգործնախարարության կայքում։
Նա նաև նշել է, որ հավանաբար դա կարող էր ընդունելի լինել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի` ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում։
«Սակայն միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի և էթիկետի միանգամայն հստակ նորմեր։ Միգուցե, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի», – ավելացրել է Բելառուսի ԱԳՆ–ի մամուլի քարտուղարը։
Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: