Հրթիռակոծվել է Իրաքում տեղակայված թուրքական ռազմաբազան

Թուրքական բանակի ռազմաբազան, որը գտնվում է Իրաքի Նինևա նահանգում, կիրակի գիշերը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Shafaq news իրաքյան լրատվական պորտալը։

Նշվում է, որ երեք հրթիռ է պայթել Մոսուլ քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական Զլիկան ռազմաբազայի տարածքում։ Նահանգի ուժային կառույցների ներկայացուցչի խոսքով՝ թուրք զինվորներից ոչ ոք չի տուժել։

Թուրքական հրետանին կրակ է բացել ենթադրյալ հրթիռի արձակման վայրում։

«Զլիկան» բազան Թուրքիան ստեղծել է Իրաքի տարածքում՝ Անկարայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով։ Թուրքիայի խորհրդարանը պարբերաբար թարմացնում է զինված ուժերի մանդատը հանրապետության սահմաններից դուրս գործողությունների համար։ Անկարան դրա համար հիմք է համարում միջազգային իրավունքով ամրագրված իր ինքնապաշտպանության իրավունքը։

Իրաքի ղեկավարությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի գործողությունները՝ դրանք համարելով Իրաքի ինքնիշխանության խախտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ