Ո՞վ է մեղավորը․ Դավիթ Տոնոյանը թող բացի փակագծերը․ էլի՛ մարդիկ կներքաշվեն գործի մեջ, պիտի պատասխան տան

Factor TV–ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

-Օրերս Ադրբեջանը սահմաններին կրկին սադրանքների դիմեց, թե՛ մենք, թե՛ իրենք զոհեր և վիրավորներ ունեցանք: Ձեր տեղեկություններով՝ ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին, պարո՛ն Մելքոնյան: Ժողովրդին հուզող հարցը տամ՝ ինչքա՞ն է շարունակելու այս վիճակը:

-Առաջին հերթին ժողովրդին հուզող հարցից խոսեմ. 30 տարի այս վիճակը շարունակվել է, մինչև արցախյան վերջին պատերազմն անընդհատ այս վիճակն է եղել ու շարունակվելու է: Մեզ մնում է, որ մենք մեր զինվորներին կարողանանք ապահովել, ասենք, գետնափոր կացարաններով: Սահմանային ամբողջ գծով մենք տեղակայեցինք լավ կահավորված տնակներ, բայց հիմա համոզվում ենք, որ այդ տնակներին էլ կարող են խփել, և այնտեղ էլ մենք զոհեր կարող ենք ունենալ, դրա համար պետք է անցնենք նրան, որ մեր բանակի ղեկավարությունը պետք է հասկանա՝ այդ տնակները պետք է լինեն հողի մեջ:

Տնակներն այնքան խորը պետք է տեղադրենք, որ ինչ արկ էլ ընկնի, չվնասվեն: Մենք մեր խրամուղիները պետք է նորից կառուցենք, կառուցապատենք, և դրանք էլ հողի մեջ պետք է լինեն, դոտերը լավ պետք է ամրացնենք: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անենք, որ ամուր լինի սահմանը, և նաև զինվորի հագուկապը պետք է այնպիսին լինի, որ զինվորը չզոհվի: Սրան պետք է գնանք, թե չէ՝ սահմանին նույնությամբ լարվածությունը մնալու է, անընդհատ լինելու են նմանատիպ կրակոցներ:

Այնպես չէ, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, ուզեցել է տարածք գրավել, և մենք զոհեր ենք տվել։ Ո՛չ, սա հենակետային նույն պատմությունն է, ինչպիսին, ասենք, Իշխանասարինն էր, իրենք կրակում են մեզ վրա, մենք՝ իրենց, նայած թե ինչով են կրակում։ Այս անգամ իրենք հրետանի օգտագործեցին, մենք էլ օգտագործեցինք, դրան պիտի չհասնի, պետք է զգույշ լինենք:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ