«Անհեթեթ է, աննպատակ և ոչ օգտակար». Աջապահյանը և Մինասյանը՝ Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Ծառուկյանի խոսքով՝ արձանը լինելու է վերածննդի և հայ ժողովրդին լույսի ճանապարհ ցույց տվող:

ԲՀԿ նախագահը նաև նշել էր, որ մեր հայրենիքն ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատով է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Նախկին պատգամավորը, սակայն, չէր մանրամասնել, թե ինքը ո՞րն է համարում Հայաստան աշխարհի բարձունքը, որտեղ էլ տեղադրվելու է 33 մ բարձրության արձանը: Ամեն դեպքում, եթե տարածքը մասնավոր սեփականություն չլինի, ապա արձանի տեղադրման որոշումը նախ և առաջ պետք է հաստատի տվյալ համայնքի ավագանին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ծառուկյանի այս մտահղացմանը՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն համարեց անհեթեթություն:

«Անկախ նրանից՝ մենք քրիստոնյա առաջին ժողովո՞ւրդն ենք, թե՞ ոչ, չկա դրա ո՛չ անհրաժեշտությունը և ո՛չ էլ պարտավորվածությունը: Դարերով եկող մեր եկեղեցիներն արդեն խորհրդանշում են, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Փոխանակ պահենք այդ եկեղեցիները, վերականգնենք դրանք ու ներկայացնենք աշխարհին, ցույց ենք տալու Հիսուս Քրիստոսի մի մեծ արձա՞ն»,- անուղղակի հարցադրում արեց Մինասյանը:

Ըստ նրա՝ Աստծո որդու մեծ արձանը պետք է տեղադրվի պետության որոշմամբ: «Պետությունը պետք է դրա անհրաժեշտությունը տեսնի, նոր որոշում կայացնի»,- կարծում է նա:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը եկեղեցիներ է կառուցում, սակայն լավ կլինի, որ մեկ օր էլ որոշի վերականգնել Կոտայքի մարզի հին եկեղեցիները. «Կարծեմ Կոտայքի մարզի մեկ եկեղեցի վերանորոգել է նա, բայց դա շատ քիչ է: Մեր ունեցածը պահելն է՛լ ավելի կարևոր է, քան Քրիստոսի 180 մետրանոց արձան սարքելը»:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահը ևս նշեց, որ արձան տեղադրելու համար նախ պետք է թույլտվություն ստանալ պատկան մարմիններից: «Կանոնակարգեր կան, որոնք պետք է պահպանվեն, քննարկումներ պետք է լինեն արձանի տեղադրման վայրի, ճարտարապետական լուծումների և այլնի մասին»,- նկատեց Մինասյանը:

Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց՝ նախագծին հավանություն չի տալիս:

«Չկա արձան տեղադրելու անհրաժեշտություն, և դրանով չէ, որ մենք պետք է մաքրվենք: Բացի դրանից, արձանները Հայ առաքելական եկեղեցու ավանդությանը հարիր չեն: Դա կաթոլիկ ավանդություն է: Այստեղ խոսքը ճշտի կամ սխալի մասին չէ, քայլը հակաքրիստոնեական չէ, ուղղակի մեր հայկական ավանդության մաս չի կազմում արձանաշինությունը»,- ասաց նա:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատեց՝ վերածնունդը և լույսի ճանապարհ գտնելը ճիշտ չէ կապել արձանաշինության հետ: «Ռիո դե Ժաներյոյում Հիսուս Քրիստոսի ամենահայտնի արձանն է կանգնեցված, բայց այն աշխարհի ամենավտանգավոր, ամենակրիմինալ ու ամենաանառակ քաղաքն է»,- կարծում է Աջապահյանը:

Հարցին՝ որոշումը կայացնելուց առաջ եկեղեցու անդամների հետ քննարկումներ եղե՞լ են, Շիրակի թեմի առաջնորդն ասաց՝ եթե լիներ քննարկում, կիմանար:

«Եթե քննարկում լինի այս հարցով, Մայր Աթոռն իր դիրքորոշումը կհայտնի: Նպատակահարմարության ու առաջնահերթության խնդիր եմ ես տեսնում: Սա աննպատակ, ոչ օգտակար նախագիծ է: Երբ չենք ունենա որևէ խնդիր պետականաշինության ասպարեզում, այդ ժամանակ էլ կարող ենք այդ հաճույքը մեզ թույլ տալ, թեև կրկին անհրաժեշտությունն արձանը չի լինելու»,- եզրափակեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ