Ծառուկյանի «Հիսուսի» արձանը սեփական մեղքերի քավության, թե՞ ժողովրդին միավորելու խորհրդանիշ

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ընտանիքը մրցույթ է հայտարարում է Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը կառուցելու համար: Ծառուկյանի կարծիքով՝ դրանով ժողովուրդը հավատքով կմիախմբվի այս դժվար կացության պահին։

Քաղքենի ճոխություններին հերթական անգամ տուրք տալով՝ Ծառուկյանը չի մոռանում դա ներկայացնել որպես «ժողովրդի համար արվող բարեգործություն»։ «Ժողովրդի կողքին ժողովրդի համար» ապրող «բարերարը» ցուցամոլության հերթական կոթողն է կառուցելու, իրականում ոչ թե ժողովրդին մխիթարելու այլ սեփական մեղքերին թողություն աղերսելու համար։

Համաճարակային ճգնաժամի գագաթնակետին աշխարհացունց հարսանիք կազմակերպող Ծառուկյանը հիմա էլ հետպատերազմական Հայաստանում ժողովրդին մխիթարելու միակ ելքը գտել է վիթխարի արձան կառուցելու մեջ։

Տրամաբանական հարց է առաջանում պատերազմից մեկ տարի անց Ծառուկյանը ինչ աջակցություն է ցուցաբերել զոհվածների ընտանիքներին կամ փախստական դարձած արցախցիներին։ Եթե շոշափելի որևէ բան արված լիներ, ապա ամիսներով կթմբկահարվեր, իրականում ոչինչ էլ չի արվել։

Եւ ահա այս համատեքստում «ժողովրդական բարեգործի» համար ժողովրդին լավություն անելը սահմանափակվում է բացառապես իրա անունի հետ կապվող վիթխարի բաներ կառուցելով։ Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախսով եկեղեցի, հիմա էլ մեգաարձան կառուցելով՝ Ծառուկյանը հույս ունի իրենից հետո թողնել խոշոր հիշվող կառույցներ, թքած ունենալով թե այդ պահին ժողովրդի կարիքավոր հատվածի վրա։

Հավատացյալ միլիարդատերը շարունակում է ապացուցել, որ իր մեղքերի քավության համար պատրաստ է միլիոնավոր դոլարների «զոհեր» մատուցել, բայց միևնույն ժամանակ չմոռանալ, որ դա պետք է մատուցել որպես ժողովրդին արվող լավություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ