Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար ՔՊ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը 5 տարով կալանավորվեց։ 2 տարի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետը մինչ օրս անգիտակից վիճակում է։

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 10-ին, տեղի ունեցավ Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված՝ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։ Վայոց ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական, գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը 5 տարով ազատազրկվեց։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Այս գործով նախորդ դատական նիստում վկայի կարգավիճակով ցուցումունք տված Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Գրիգորյանը նաեւ իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Թեև առաջադրված մեղադրանքով հաստատվել է, որ փոխգնդապետը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, բայց դատապարտվեց ընդամենը մեկ անձ։ Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում են 3-4 հոգու անուններ, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի: Նրա՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ 2019 թ․ սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին ականատես վկաներ՝ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը իրենց ցուցմունքներում եւ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել եւ անգործություն է դրսեւորել։ Ավելին, մամուլի տեղեկություններով, ԶՈՒ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանը Տրդատ Սարգսյանն անմիջական մասնակցություն է ունեցել, այդուհանդերձ, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՔՊ-ական նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ