Շատ անուշեղենների հայրենիք համարվող Ֆրանսիայի դիետոլոգները խորհուրդ են տալիս, թե ինչպես կարելի է ուտել քաղցրեղեն և քաշ չհավաքել: Նրանք պատմել են նաև այն մասին, թե լինո՞ւմ են արդյոք դիետաները արդյունավետ:
«Հավասարակշռված սնվելը, իհարկե, կարևոր է առողջության համար: Սակայն կան մարդիկ, որոնք սնվում են բավականաչափ հավասարակշռված, բայցևայնպես քաշ են հավաքում: Մյուս կողմից՝ կան նաև մարդիկ, որոնք ուտում են անառողջ սնունդ, սակայն ոչ մի գրամ չեն գիրանում…
Ուստի ավելորդ քաշի խնդիրը դրանում չէ: Մարդը ավելորդ քաշ է ունենում, եթե նա ուտում է ավելի, քան պահանջվում է: Օրինակ՝ եթե դուք օրական օգտագործում եք 2000 կիլոկալորիա, և ձեզ անհրաժեշտ է 2 հազար կիլոկալորիա՝ ապրելու համար, ձեր քաշը կմնա կայուն: Սակայն եթե դուք ուտում եք 2300 կիլոկալորիա, իսկ ձեզ պետք է ընդամենը 2000, և այդպես՝ ամեն օր, ապա դուք ինչ-որ պահից կնկատեք քաշի փոփոխություն, իհարկե՝ ոչ միանգամից, այլ աստիճանաբար»,- ասել է սնվելու հարցերով մասնագետ Պասկալ Գուրդոնը՝ Պերրո Գիրեկից:
Նրա խոսքով՝ եթե մարդն ուզում է մնալ կայուն քաշի մեջ և նիհարել, պետք է սովորի հրաժարվել ուտելիքից, եթե չունի քաղցի զգացում: «Տեսեք՝ նորածինն ուտում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղցած է: Երբ նա հագենում է՝ դադարում է ուտել»,- ասել է Գուրդոնը՝ հավելելով, որ շատ մեծահասակներ կարողանում են զգալ օրգանիզմի պահանջմունքը, սակայն ոչ բոլորը:
Դիետոլոգը դրական պատասխան է տվել հարցին, թե հնարավո՞ր է ուտել քաղցրեղեն և չգիրանալ: «Եթե դուք աղանդերն ուտում եք այն պահին, երբ քաղցած եք, և դադարում եք ուտել այն ժամանակ, երբ հագենում եք, ապա ոչ մի խնդիր չի առաջանա: Սակայն երբ դուք այլևս քաղցած չեք, բայց շարունակում եք ուտել անուշեղեն կամ նույնիսկ խնձոր, յոգուրտ, դա կարող է հետևանք ունենալ»,- նշել է մասնագետը: