Վարչապետի կինը դավադրությունների տեսությամբ մի պատկեր է նկարագրում, թե Բրյուսել մեկնած լրագրողները, իրեն ու դստերը պատահաբար հանդիպելով փողոցում, շոկի են ենթարկվել, չեն հաղթահարել շոկը, լրագրողներից մեկն էլ ֆեյսբուք է մտել, Երեւանում մեկ այլ ընդդիմադիր ԶԼՄ-ում աշխատող իր գործընկերոջը գրել, թե՝ այսպիսի սենսացիոն լուր կա, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք:
Նախ, իրեն հարգող ոչ մի լրագրող չի զանգի մեկ այլ ԶԼՄ-ի ու նման խոսակցություն վարի, թե ես չեմ կարող գրել, ամոթ ա, դու գրի: Եթե տիկին Հակոբյանը նման կասկածներ ունի, առնվազն պիտի հասցեական խոսի, հակառակ դեպքում սա անհարգալից վերաբերմունք է Բրյուսել մեկնած բոլոր լրագրողների նկատմամբ:
Այստեղ ինձ զարմացրեց նաեւ այն, որ Աննա Հակոբյանը կարծում է՝ իրեն տեսնելիս շոկահարվում են, չեն կարողանում հաղթահարել շոկը: Դա ինձ համար նորություն էր, որովհետեւ կոնկրետ ես շոկի չեմ ենթարկվել:
Հրապարակումից նաեւ հասկացա, որ լրագրողական էթիկայի մասին իմ ու իր պատկերացումները չափազանց տարբեր են։
Ես չգիտեմ իր որ սպասելիքները մենք չենք արդարացրել, որ այդպիսի բան է գրել, բայց իմ պատկերացմամբ սրճարանում նստած առաջին տիկնոջը չեն գնում «դիկտաֆոն դեմ տալիս» ու սուրճը քթից բերում՝ նրան «փուռը» տալով։ Ի վերջո, մարդու անձնական կյանքի ու ազատության իրավունքը հարգել է պետք։ Միակ բանը, որ պետք էր ճշտել այդ այցից, այն էր՝ նա բյուջեի հաշվի՞ն է գնացել, թե՞ իր, ինչը ես արել եմ ու հրապարակել։