ՀՀ կառավարությունը հաստատեց կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխության` վաղուց խոստացված նախագիծը:
Հարցը կառավարության նիստում զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի համապատասխան բաժին ՀՀ վարչապետի աշխատակազմում:
Ինչ վերաբերում է օպտիմալացման արդյունքում կրճատվող աշխատակիցներին, Զեյնալյանը հայտնեց, որ կրճատումները հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին:
«Միաձուլվող նախարարություններն իրենց հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարությունների կազմ` բացառությամբ ղեկավար պաշտոնների»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգն այսօր գրավիչ չէ որակյալ կադրերի համար, և այդտեղից էլ ծագում են «պարգևավճարային սկանդալները»:
Քննարկման ավարտին կառավարությունն ընդունեց Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխությունների նախագիծն ու այն ուղարկեց ԱԺ-ի հաստատման: