Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց փոփոխությունները և նշեց, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:
Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9,5 տոկոս է եղել:
«Բնարականի արժեքն է բարձրացել և, ապահովագրական գործիքի համադրմամբ ,առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», — ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: