Ճարտարցին սպանվել է հեռահար կրակոցով. Արցախի դատախազությունը Ադրբեջանի կեղծիքը հերքող ապացույց է հրապարակել

Արցախի Հանրապետության դատախազությունը Ադրբեջանի զինծառայողի կողմից Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցներ է հրապարակել:

ԱՀ դատախազության ֆեյսբուքյան հրապարակման մեջ ասված է.

«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը:

Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:

Վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար»:

Տեսանյութի սեղմված հատվածները՝ ստորև.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ