«Այ գավառական ծաղրածու». ինչպես էր բնութագրում Վիգեն Սարգսյանը Հայկ Մարությանին 3 տարի առաջ

2018 թվականի սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը արձագանքել էր «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթին և Facebook-ի իր էջում գրել.

«Այ գավառական ծաղրածու,

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որեւէ մեկն իրավունք չունի դասելու երեւանցիներին սեւերի եւ սպիտակների:

Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ եւ հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է:

Կան շատ մարդիկ, որոնք ուզում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, բայց մեծ սխալ են համարում նրա կողմից քո առաջադրումը: Նրանցից շատերը, կարող է համարեն, որ դու չունես բավարար փորձ եւ գիտելիք` մայրաքաղաք կառավարելու համար: Շատերի համար էլ կարող է ավելի համոզիչ լինեն այլ թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ոմանք կբարդույթավորվեն ձայն տալ բիգուդիավոր տղամարդու: Դա դեռ ոչ մեկին սեւ չի դարձնում:

Կան նաեւ մարդիկ, շատ ազնիվ մարդիկ, որ բացարձակ չեն կիսում Նիկոլ Փաշինյանին ապագայի տեսլականը եւ հատկապես նրա կադրային քաղաքականության նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն, եւ դա եւս նրանց սեւ չի դարձնում: Դա է ժողովրդավարական հասարակության էությունն ու ընտրությունների բուն իմաստը: Ուստի, քո ասածը լրջագույն խնդիր է նաեւ մեր երկրում ժողովրդավարական արժեքների տարածման, ինստիտուտների ամրապնդման, ազատ ընտրությունների անցկացման տեսակետից:

Քո վարքագիծը վիրավորական է ոչ միայն ընտրարշավին մասնակցող մեկ տասնյակից ավել մրցակիցներիդ համար, այլեւ ողջ հասարակության, այդ թվում նրանց, ով այս կամ այն պատճառով մտադիր էր քվեարկել քո օգտին:

Հասկանալի է, որ անճաշակ եւ անբան սերիալներումդ, որոնցով արդեն մեծ վնաս ես հասցրել բազմաթիվ հայ երեխաների, որոնց այդ հումորը սկսում է ծիծաղելի թվալ, սովորել ես մոնտաժի: Հանրային քաղաքականության մեջ խոսքիդ համար պետք է սովոորես պատասխան տալ, եւ իմանաս, որ թուլության նշան է հանրայնորեն արտահայտած խոսքդ թաքցնելու խղճուկ փորձը: Իզուր էիր մոնտաժում` ասել ես այն, ինչին հավատում ես: Անկեղծ կարծում ես, որ քեզ չընտրողը` սեւ է: Քեզ իրոք էն սերիալներիդ մեջի, լեզուս էլ չի պտտվում ասեմ «տղու» տեղն ես դրել:

Չգիտեմ, որքանով քո շրջապատը քեզ դա կբացատրի, բայց քարոզարշավիդ մեկնարկն այնքան վատն է, որ իրեն հարգող թեկնածուն, քո փոխարեն, միայն մեկ ճանապարհ կտեսներ շտկելու վիճակը` ինքնաբացարկ հայտարարելով: Մի գուցե ցուցակիդ մեջի այլ թեկնածուներն այդ գործից մի քիչ ավելի լավ գլուխ հանեն: Ախր 2800 տարեկան քաղաք կառավարելն ամեն մեկի խելքի բան չէ»:

Այս գրառմանը ի պատասխան ներկայիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այն ժամանակ գրել էր.

«Տո այ անտակտ կարիերիստ։ Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչու՞ այն ժամանակ Սերժին չէիր ասում

– Արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:

Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված, հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով՝ ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:

Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:

Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:

Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:

Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ, որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:

Հայկն իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի, իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:

Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանովին, Սերժ Սարգսյանին, բոլորիդ ով կա այդ արհեստավարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, Չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:

Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած, դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»:

Իսկ ահա այսօր արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին ի պատասխան ԱԺ նախագահը սոցցանցի իր էջում գրել է.

«Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:

Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասելու և ինչ թեմա ասես շահարկելու:

Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:
Չե´մ ասի…

Դրա փոխարեն, գնա վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:

Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:
Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:

Ամոթ քեզ, Տկզար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ