Հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարություններին հանրության արձագանքն աննախադեպ է եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին: Դանիելյանը վարչապետից հետաքրքվել էր, թե կառավարության ծրագրի քննարկումից որոշ ժամանակ է անցել, ի՞նչ դինամիկա կա տնտեսության մեջ, նկատվո՞ւմ են փոփոխություններ ՀԴՄ կտրոններ տպելու մասով:
«2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել:
Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին։ Այս պրոցեսը շարունակվելու է»,- ասաց ՀՀ վարչապետը։
Վարչապետը կարեւորեց քաղաքական ուղերձը, որի արդյունքում կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք կապ է ստեղծվել։ Փաշինյանի խոսքով՝ հանրությունը շարունակում է իր գործողություններով վստահություն արտահայտել կառավարության ու Ազգային ժողովի նկատմամբ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրությանը՝ դարակազմիկ աջակցության համար»,- հավելեց վարչապետը։