Իրինա Դանիելյանը այն կարծիքին է, որ «Առաջին սերը երբեք չի մոռացվում» պնդումը մի քիչ չափազանցված է.
«Հիմա սկսեցի մտածել՝ ով է եղել իմ առաջին սերը: Այնպես չէ, որ մոռացել եմ, բայց չեմ հիշում՝ ով է եղել առաջինը: Առաջին սերը հասուն սեր չէ, չգիտես՝ իր հետ ինչ անես (ծիծաղում է): Ավելի հասուն սերը, ինձ թվում է, տարիքի հետ է գալիս: Իսկ առաջին սիրո դեպքում մեր էմոցիաները մեզնից առաջ են ընկնում, այնինչ` կյանքը ճիշտ դասավորելու համար էմոցիան անհրաժեշտ է, բայց բավարար չէ, նաեւ մտածել է պետք»:
Նա առաջին անգամ ընկեր ունեցել է 19-20 տարեկանում:Սակայն նրանց հարաբերությունները շարունակական չեղան. «Ամեն ինչ բավական լուրջ էր, բայց մեր միջեւ ոչինչ չստացվեց, որովհետեւ որոշ ժամանակ ստիպված էինք իրարից հեռու լինել, կարելի է ասել` տարածությունը բաժանեց մեզ: Ընկերս գնաց այլ երկիր, նրա կողմից խոստումներ, իհարկե, եղան, պայմանավորվել էինք, որ պետք է իրար սպասեինք, բայց երեւի թե ես համը հանեցի, չսպասեցի նրան, իսկ հետո ամուսնացա Հրանտ Թոխատյանի հետ»,-մանրամասնեց Իրինան։
Իր առաջին սիրուն դերասանուհին հանդիպում է մի քանի տարին մեկ, նրանք տեղյակ են միմյանցից, սակայն անցյալի հետ կապված թեմաներ երբեք չեն շոշափում. «Ամեն ինչ անցել-գնացել է, մնացել են միայն ջերմ, ընկերական հուշեր: Գիտեմ, որ նա էլ է ընտանիք կազմել»,-ասաց դերասանուհին:
Նա խորհուրդ տվեց երբեք չսեւեռվել անցյալի վրա, ամեն բան թեթեւ տանել եւ նայել առաջ. «Թող լավ հիշողությունները մնան, վատերը՝ ոչ: Եթե անընդհատ վատը հիշենք, դառը կյանք կունենանք: Ինձ թվում է՝ մարդու ուղեղը հաճախ ընտրություն է անում եւ հիշում է միայն լավը»: