Արցախում Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները։
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:
Իր ելույթում Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ կերտվել են մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը: