Ում պատճառով է ուշացել սահմանին վիրավորված զինծառայողի բուժօգնությունը․ զինվորին տեղափոխող մեքենան ստիպված փոխել է ճանապարհը

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարաշեց, որտեղ ասվում էր, որ երեկ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

Հիշեցնենք, Վարդենիսում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ու նա ձերբակալվել է:

Դեկտեմբերի 7-ին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ 2 քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վարդենիսի բնակիչները փակելով Վարդենիսից Երևան տանող ճանապարհը, բողոքի ակիցա են իրականացնում, քանի որ Հարությունյանի ձերբակալումը կապում են քաղաքական գործընթացների հետ, թեպետ «Հայկական ժամանակի» հետ զրուցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ համայնքապետի թեկնածուի նկատմամբ վաղուց է իրականացվել քրեական հետապնդում: Այժմ նրան վերագրվող մեղադրանքը փոփոխվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ