Ավարտվել է Ալեն Սիմոնյանի և գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը. Ինչ մանրամասներ են հայտնի

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանդիպումն արդեն ավարտվել է, որին հարազատներից մասնակցել է 10 հոգի՝ 5 կին և 5 տղամարդ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ։ Հանդիպումը եղել է մեր նախաձեռնությամբ։ Որեւէ այլ բան չեմ կարող հավելել»,- նշեց Սիմոնյանի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի վերջինս բացատրություն տա գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։

Նշենք, որ երեկ համացանցում գաղտնի նկարահանված տեսանյութ էր հրապարակվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդել էր, որ այն մոնտաժված է: Այնուհետև համացանցում հայտնվեց տեսանյութի ամբողջական տարբերակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ