Գեղարքունիքի մարզում թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ճիվաղը կամ ճիվաղները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով 72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել ու քիչ առաջ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Մխեյանի գլխավորությամբ ժամանել են դեպքի վայր:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկած ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտեու, սրբապիղծ գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ