Կոդավորված դաջվածքի բանալի բառը գտնելով՝ հնարավոր էր կարդալ կնոջ անունը. զոհված հետախույզի մասին գիրք է գրվել

«Ես ձեզ իմ կյանքից շատ եմ սիրում». սա Թաթուլի վերջին խոսքերն էին, որ Անահիտը պետք է լսեր և չկարողանար այլևս համակերպվել ամուսնու հավերժ բացակայությանը:

Թաթուլ Հակոբյանը 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցելուց հետո, անցավ հիմնական ծառայության: Իր խոսքին տեր կանգնող Թաթուլի որոշումն ընտանիքում անգամ չքննարկվեց: Հետախույզի ճանապարհն էր, որ պետք է անցներ Թաթուլը, սակայն 26 տարեկանում այդ ճանապարհն ընդհատվեց:

«Նրա հետ 4 պատերազմ անցա. սկզբում՝ Ապրիլյանը, հետո Սիրիայում մասնակցեց խաղաղապահ առաքելությանը, Հուլիսյան պատերազմին նույնպես մասնակցել է, 2020-ին էլ մասնակցեց 44-օրյա պատերազմին: Պատերազմի սկզբից բարձր տրամադրություն ուներ, միշտ ասում էր՝ լավ կլինի»,- պատմում է կինը՝ Անահիտ Ալեքսանյանը:

Կնոջ խոսքով՝ հոկտեմբերի 19-ին Թաթուլն ու նրա ընկերներն առաջադրանքի են գնացել Կուբաթլուի (Որոտան) հատվածում: 300 հոգանոց ջոկատից առաջադրանքին որոշել են մասնակցել 7 ընկերով՝ ասելով՝ «ընկերովի մահը հարսանիք է»:

«Այդ օրը գիշերը 12 անց էր՝ նամակ ուղարկեց ինձ, որում գրել էր՝ «ես քեզ շատ եմ սիրում»: Տարօրինակ էր արդեն, որովհետև ուշ ժամ էր, նաև ասել էր՝ չի կարող գրել: Ես էլ զարմացա և ինչ-որ անհանգստություն զգացի: Գրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, զգացի, որ տրամադրությունն էլ առաջվանը չԷ»,- հիշում է Անահիտը:

Նամակագրության հաջորդ օրը Թաթուլը կնոջը ևս մեկ նամակ է գրել և նրան խնդրել, որ իրենց որդուն լավ նայի: Դրանից հետո անհասանելի է դարձել: Ամուսնու մահվան լուրը Անահիտը հարազատներից ամենավերջինն է իմացել: Սկզբում ասել են՝ վիրավոր է, հետո՝ ծանր է վիճակը, որոշ ժամանակ անց էլ ասել են՝ ծայրահեղ ծանր է: Դրանից հետո Անահիտը փորձել է նրա ընկերներից տեղեկություն իմանալ Թաթուլի վիճակի մասին, սակայն բոլորը խուսափել են ուղիղ պատասխան տալուց:

«Չէին պատասխանում զանգերիս, դառնում էին անհասանելի: Ասում էին՝ կտեսնես, երբ Գորիսից Երևան տեղափոխեն: Ամբողջ օրը ծնկի եկած աղոթում էի: Լուրն իմացա այն ժամանակ, երբ արդեն որոշ ժամանակ էր անցել. տնից դուրս գալով՝ շքամուտքի լույսը տեսա վառված… Ասացին՝ Թաթուլն այլևս չկա… չհավատացի, մինչև հիմա էլ չեմ համակերպվում այդ մտքին: Այդ ընթացքում որոշ ժամանակով կորցրել էի խոսելու ունակությունը. մտքումս միայն նրա մահն էր»,- հիշում է այրիացած կինը:

Սակայն ամուսնու տածած մեծ սերն ու իրենից երկուսի մասնիկը՝ Մոնթեն, Անահիտի մեջ վերապրելու ցանկություն է արթնացրել, նաև պարտադրել գիրք գրել ամուսնու մասին: Պատմում է՝ գիրքը գրելիս Թաթուլի հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանն ու բառը վերապրել է: Շատ անգամներ է որոշել կիսատ թողնել, սակայն Թաթուլի երազանքը պետք է կատարեր:

«Պատերազմից առաջ մենք արձակուրդում էինք միասին ու հանգստանում էինք: Սյունիքից էինք դուրս գալիս, և երկուսս էլ հոգեբանական այլ վիճակում էինք: Մեքենայի մեջ խոսելու ժամանակ ասացի՝ Թաթ, զգո՞ւմ ես՝ ինչ-որ վատ բան է լինելու: Ասաց՝ ես ուզում եմ հերոսի մահով մահանալ: Ուզում եմ այնպես մահանալ, որ պատմության գրքում իմ մասին գրվի, տղաս էլ կարդա ու հպարտորեն ասի՝ ինքն իմ հայրն է: Ես չեմ ուզում հասարակ մահով մեռնել: Գիրք գրելու միտքը այդտեղից առաջացավ»,- նկատում է կինը:

Սկզբում Թաթուլի անվամբ բռնցքամարտի առաջնություն է անցկացվել, հետո նրա մասին պատմող ֆիլմ է նկարվել: Նոյեմբերի 11-ին էլ տեղի է ունեցել Թաթուլի մասին պատմող գրքի շնորհանդեսը, որ կոչվում է «Թիկունքում»:

«Մեկ տարի եմ գրել գիրքը, բայց օրեր են եղել, որ չեմ կարողացել շարունակել: Երեք բառից հետո հոգեբանական ծանր վիճակում էի հայտնվում: Ամբողջ ընթացքը դեղերի օգնությամբ եմ հաղթահարել: Մի պահ թողեցի, սակայն ամիսներ անցան և որոշեցի, որ պետք է շարունակեմ գրելը, որովհետև Թաթուլը թույլ տեսակին չէր սիրում: Ինձ համար յուրահատուկ է այս գիրքը, այն իմ, ներաշխարհն է, ապրումներն ու զգացումները»,- անկեղծանում է Անահիտը:

Գիրքը մեր պատմությունն է, մեր սերը, ասում է նա: Այն սերը, որ դեռ դպրոցական տարիներից ուղեկցել է նրանց. «Մենք նույն դպրոցում ենք սովորել, տարբեր դասարաններում, 2010 թվականին սիրահարվել էր ինձ, այդ ժամանակ ավագ դպրոցում էինք սովորում: Իր դասարանն ու հոսքը փոխեց և տեղափոխվեց իմ դասարան: Չէի հավատում, որ կարող էր այդպիսի բան անել. մի տեսակ և՛ զայրույթ կար, և՛ հաճելի էր»:

Թաթուլի մարմինն Անահիտը ճանաչել է դաջվածքից. սրտի հատվածում կոդավորված դաջվածք է ունեցել Թաթուլը. բանալի բառը գտնելու դեպքում հնարավոր էր կարդալ կնոջ՝ Անահիտի անունը: Ասում է՝ մահից հետո էլ Թաթուլն իրեն սիրո խոստովանություն է արել. «Շատ հաճախ են ասում՝ սերեր կան՝ հաղթեցին պատերազմը: Միշտ մտածում եմ՝ մեր սերն էլ այնքան ուժեղ էր, որ նա էլ պետք է հաղթեր: Գրքում էլ եմ գրել դրա մասին:

«Այո՛, սերը հաղթում է պատերազմը: Ու մեր սիրո նման շատ սերեր չափերը կորցնելու ու աշխարհի վրա եզրեր չունենալու պատճառով հատեցին երկնային սահմանները: Ու տարբերություն չկա, թե ինչ ձև է չափում մոլորակն իմ ու քո հեռավորությունը, երբ ինձ շատ մոտիկ՝ իմ ներսում՝ սրտիս ամենասուրբ մասում քո սիրտն է բախում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ