Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր եղել է Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում, այցելել վերջերս շահագործման հանձնված Շիրակ-Կամո ճանապարհահատված։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Շուրջ 5 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհահատվածը լիարժեք կահավորված է, վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։
«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։ Շիրակ-Կամո ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն, շատ կարևոր է այս փաստն արձանագրելը, ինչպես տեսանք և գծանշումներ, և կահավորում։ Այս ամենը կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Մարզպետը պատասխանատուների հետ այցելել է նաև Կամոյի մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ 49,8 մլն դրամի շրջանակներում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։
«Կամոյի մանկապարտեզը սուբվենցիոն առաջին ծրագրերից է, որի մեկնարկը տրվել է դեռ 2018 թվականին։ Հիմա բոլոր հարմարություններով մանկապարտեզն արդեն գործում է և հնարավորություն ունի ոչ միայն Կամոյի, այլև շրջակա բնակավայրերի երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացնել լիարժեք պայմաններում»,- փաստել է մարզպետը։
Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, շենքը նախատեսված է 55 երեխայի համար։