«Նախորդ նախագահները պետք է խոստովանեն իրենց սխալները, ժողովուրդը դրան է սպասում». Կարին Տոնոյան

«Նախորդ բոլոր նախագահները պետք է խոստովանեն իրենց սխալները, ես համոզված եմ, որ ժողովուրդը դրան է սպասում: Եվ նաև պետք է իրենց ռեսուրսները կիրառեն երկիրն այս իրավիճակից հանելու համար:

Այդպիսի ռեսուրսը չօգտագործելն այսօր մանկամտության է վերածվում, որովհետև իրենք գիտեն գլխավոր ինֆորմացիան, գլխավոր տեղեկատվությունը իրենց ձեռքին է, թե մեր երկիրը ինչ խութերի առջև կանգնած եղել 30 տարի և ինչու մենք չենք կարողացել արտաքին աշխարհում գոնե հաղթահարել դրանք»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա նշում է, որ ով էլ գա իշխանության պետք է խորհրդակցի նախկինների հետ, հակառակ դեպքում հնարավոր չէ:

«Մարդիկ, ովքեր ստանձնում են առաջնորդության դեր, հստակ պետք է ունենան իրենց պատկերացումը: Մենք այսօր ունենք առաջնորդության խնդիր: Հայաստանի առջև կանգնած համար մեկ խնդիրն այսօր առաջնորդության խնդիրն է:

Հետևաբար առաջնորդներն, ովքեր ստանձնում են այդ առաջնորդությունը պետք է հասկանան, որ իրենց չեն ծափահարելու: Մենք շատ լավ ենք հասկանում, որ մեզ, ո՛չ ծափահարելու են, ո՛չ գովաբանելու են: Մեզ անընդհատ քննադատելու են և շատ լավ է դա, եթե այդ քննադատությունների մեջ թեկուզ մեկ տոկոս ճշմարտություն կա, մենք դա էլ ենք հաշվի առնելու»,-նշեց «5165 շարժման» առաջնորդը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ