«168.am»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույցի վերացրել իր դեմ հարուցված քրեական գործի և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ։ Հարցազրույցից ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև․
«Պարո՛ն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։
Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։
Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։
Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։
Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։
Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։
Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։
Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։
Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։
Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։
Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։
Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։
Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։
Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։
Ո՛չ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։
Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։
Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։