2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց նաեւ 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր պատճառը, որ ոչ 2008-ին, ոչ էլ հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանը կատարվածի համար ոչ միայն զղջում, այլ անգամ ափսոսանք ու կարեկցանք չհայտնեց՝ զոհերի հարազատներին. բացառությամբ՝ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի, որի հոգեհանգստի արարողությանը նա անձամբ մասնակցեց:
Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան մասնավորապես ասաց. «Հայաստանում հաստատվել է ծայրահեղ պոպուլիստական իշխանություն, որը հստակ պատմական ու քաղաքական բարդույթներ ունի: Եվ այս համատեքստից բխող գնահատականներ միայն կարող ենք տալ ցանկացած հայտարարության, որ արվում է իշխանության կողմից»:
Հստակեցմանը՝ տվյալ դեպքում ներողություն խնդրելը համարում է պոպուլիզմի դրսեւորո՞ւմ՝ նա արձագանքեց. «Ասեմ ինչու՝ Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչ է, որի արդյունքում մարդիկ են զոհվել:
Եվ կարծում եմ՝ մինչեւ պետության եւ ուրիշների անունից ներողություն խնդրելը հարկ էր նախ իր անունից մարդկայնորեն ներողություն խնդրել այն բոլոր մարդկանցից, ովքեր այդ օրը տուժել են, այդ թվում՝ զոհերից, որոնք, եթե նայեք տեսագրությունները՝ լսել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր՝ ոչ մի բան էլ չի կատարվում, ոչ մի զոհ չկա, այսօր պետք է վերջացնենք, ահա մեր առաջին ռազմավարը…»:
տեսանյութը՝ aravot.am