Պայմանագրային զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրել պետ հանդիսացող պայմանագրային զինծառայողը, հասցրել ինքնասպանության, քրեական գործով կան ձերբակալվածներ

Ճամբարակում պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Այս վարկածը հաստատվում է նաեւ պաշտոնապես։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով ՝ զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Քրեական գործի շրջանակներում երկու պայմանագրային զինծառայող է ձերբակալվել։ Նրանցից մեկը՝ Ճամբարակի բնակիչը, կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պետի կամ հրամանատարի կողմից ստորադաս զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։ Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս զինծառայողին, ապա վերջինս կասկածվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ձերբակալված զինծառայողների գործողությունների հետևանքով տուժել է մեկ այլ զինծառայող ևս։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց շրջանակներում փորձաքննության կենթարկվի նաեւ Գևորգ Ավետյանին կցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, որից արձակված կրակոցից, ըստ նախնական վարկածի, որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Ավետյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանը՝ ծնված 1992թ. նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել հիվանդանոց և մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին մահացել՝ դա ներկայացնելով որպես զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանք։

Զինծառայողի հարազատները անմիջապես հակադարձեցին պաշտոնական գերատեսչությանը՝ մերկացնելով ՊՆ-ի սուտը. նրան դաժանաբար ծեծել ու սպանել են։

Զինծառայողի եղբայրը պատմել է, որ Գ.Ավետյանի մարմնի վրա եղել են բռնության հետքեր ու հրազենի երեք վնասվածք։ Ավելին, նա կոնֆլիկտ է ունեցել ծառայակիցների հետ, պարզվել է, որ Ավետյանն իր աշխատավարձը չի ստացել, նրա փոխարեն այլ անձ է ստացել այն՝ քարտով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ