Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (մարտի 3, 1949, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի[փա՞ստ]՝ «Առաքյալներ»-ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ 2011 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[1]: Երևանի գլխավոր ճարտարապետ (2018 թվականից)։
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։
Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։
Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։