Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված է հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավոր, որոնց թիկնազորին 2008-ի մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ՝
Ղազարյան Վաչիկ /վարչապետի աշխատակազմ/,
Ծառուկյան Գագիկ,
Խաչատրյան Սուրիկ,
Բեգլարյան Գագիկ,
Աբրահամյան Հովիկ,
Մովսիսյան Առաքել,
Սեդրակյան Մհեր,
Ալեքսանյան Սամվել
Պատկերացնենք՝ այս մարդիկ Պաշտպանության նախարարությունից զինվորական կոստյում ու գլխարկ են ստացել իրենց թիկնազորների անդամներին հագցնելու և իրենց կողմից «ղեկավարվող» ժողովրդի դեմ դուրս բերելու համար:
Այդ թիկնազորներով նրանք այդ կարգի գործողությունների մեծ փորձ, իհարկե, արդեն ունեին, բայց պաշտպանության նախարարության փաստացի ղեկավարությա՞մբ… Սրանք բոլորն էլ ռեժիմի սպասարկուներն ու հենասյուներն են միաժամանակ: Ցանկացած ռեժիմի:
Սրանք բոլորն էլ Մարտի 1-ով հաստատել կամ վերահաստատել են իրենց մասնակցությունը հանցագործ իշխանությանը և լրացուցիչ զանազան մակարդակների սոցիալ-ֆինանսա-տնտեսական պարգևներ են ստացել: Մովսիսյան Առաքելն «ազատվել է օրենքի տառին համապատասխան»՝ ծեքծեքումներով, Ալեքսանյան Սամվելը կոմերցիոն գործնական հարաբերությունները վերակառուցել է գործող ընթացիկ իշխանությունների հետ, Ծառուկյան Գագիկը, կլասիկների ցավը տանելով, կիսագլխավորել և կիսագլխավորում է կիսահավերժական պառլամենտական, կիսամանկավարժական, կիսաչեզոք, կիսագրագետ, կիսաօլիգարխիկ, կիսախոնարհ, կիսաընդդիմադիր կուսակցության գլխավորի դերը,
Աբրահամյան Հովիկը հավերժ կիսանկախ բարեհոգի ֆեոդալ է՝ ավատատիրական դասական ավանդույթներով, Սարգսյան Լևոնը և Ղազարյան Վաչիկը վճարում են իրենց և իրենց մերձավորների հիմնական ակտիվները պահելու համար, լիսկայիզմի հիմնադիր Խաչատրյան Սուրիկը փորձում է անտեսանելի մնալով լիսկայիզմի առավել տեսանելի, պերճախոս հետքերը վերացնել՝ նվազագույն կորուստներով դուրս գալու համար, ի՞նչ են անում աջ ու ձախ «դունչ ջարդող» Սեդրակյան Մհերը, և հիմա ստվերը գերադասող (ես չկամ, չկամ, չկամ) Բեգլարյան Գագիկը… Սրանք բոլորն էլ իրենց թիկնազորների հետ նոր ռեժիմի են սպասում, կամ, գուցե, նոր ռեժիմ են հասունացնում: Եվ սրանք, եթե նույնիսկ բոլորով միասին չեն, մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն…»: