Առավոտյան վարչապետ Փաշինյանը պետության անունից ներողություն էր խնդրել 2008թ-ի մարտի 1-ի բոլոր զոհերից։
Sputnik-ը գրում է․ « 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերին նվիրված երթից և ծաղիկներ խոնարհելու արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ գնաց սրճարան։ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը նկարել է նրանց։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով միասնականությամբ ու հավատքով հարգել մարտի 1-ի ու բոլոր քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակը։
«Պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի բոլոր զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից, իշխանական ապօրինությունների զոհերից»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` մարտի 1-ի զոհերը միայն այդ կրակոցներին զոհ գնացած անձինք չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարարը, քանի որ կրակողը թիրախավորել էր ոչ թե կոնկրետ քաղաքացուն, այլ նրանցից պատահական մեկին։