Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ժողովուրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում արդյունքները։
Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Բողոքի ակցիաները շարունակվեցին փետրվարի 22-ին։ Գագիկ Ջհանգիրյանը, ով այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էր, դատապարտեց ընտրությունները՝ կոչ անելով ժողովրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր քվեները պաշտպանելու համար։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակն այնուհետև դիմեց նախագահի լիազորությունները դեռևս վայր չդրած Ռոբերտ Քոչարյաինին Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու կոչով՝ վկայակոչելով օրենսդրական այն պահանջը, որ դատախազներին արգելում է անդամակցել քաղաքական կուսակցությունների կամ որևէ այլ կերպ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։
Պաշտպանության նախարարությունը հերքեց Տեր-Պետրոսյանի պնդումն առ այն, որ երկու փոխնախարարները խոստացել են թույլ չտալ բանակի միջամտությունը բողոքի ցույցերին, սակայն Երկրապահ կամավորների միությունը շարունակում էր վիճարկել այդ հարցը։ Ցույցերը շարունակվում էին առանց պաշտոնական թույլտվության։
Ընդդիմությունը շարունակում էր պնդել, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային խախտումներով։ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը (Հ1) քննադատում էին բողոքի ցույցերն ամբողջապես չլուսաբանելու համար։