Վերջին շրջանում բավականաչափ ընգծված են դարձել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հակաիշխանական տրամադրությունները, որոնց մասին վերջինս չի զլանում նաև հրապարակայնորեն հայտարարել։ Ակնհայտ է, որ Արման Թաթոյանը նախապատրաստվում է պաշտոնավարման ավարտից հետո, որի ժամկետը լրանում է եկող տարվա փետրվարին, մուտք գործել մեծ քաղաքականություն, հակառակ պարագայում տարօրինակ է ՀՀ ՄԻՊ-ի կողմից քաղաքական հայտարարությունների, որոշ դեպքերում էլ՝ ապատեղեկատվության տարածումը։
Օրինակ, անհասկանալի է, թե ինչ նպատակով է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, հայտարարում, որ ադրբեջանցիները մուտք են գործել ՀՀ տարածք ու այնտեղից գողացել գյուղացու հոտը, այն պարագայում, երբ Տեղի համայնքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ ոչ թե ադրբեջանցիներն են մտել ՀՀ տարածք, այլ ոչխարների հոտն է անցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ու սա բազմաթիվ դեպքերից ընդամենը մեկն է, երբ Թաթոյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, անհայտ աղբյուրներին հղում տալով անում է հայտարարություններ, որոնք հետագայում հերքվում են ՊՆ-ի կամ համայքնապետարանների ու մարզպետարանների կողմից։
Տպավորություն է, որ Արման Թաթոյանի գերնպատակը հասարակության լայն շերտերի մոտ սրտացավ և հայրենասերի կերպարի տպավորություն թողնելն է։ Տեղին է հիշել նաև այն դրվագը, երբ որևէ պետական պաշտոն չզբաղեցնող իշխող կուսակցության անդամին քննադատում էր արած հայտարարությունների համար, այն պարագայում երբ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակաբար չի «նկատում» ընդդիմադիր քաղաքական ուժերից ամիսներ շարունակ հնչող անհանդուրժողականության և բռնության կոչերը։
Ճիշտ է, Արման Թաթոյանը դեռևս հերքում է իր՝ քաղաքականություն մտնելու մասին լուրերը, սակայն դրանք գնալով ավելի հիմնավոր են դառնում։ Օրեր առաջ նման հրապարակում եղավ այն մասին, որ Թաթոյանը նախապատրաստվում է դառնալ Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիր» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ միանալով Մանե Թանդիլյանին ու Մեսրոպ Առաքելյանին։
Նորմալ է իհարկե, որ աշխատանքն ավարտելուց հետո Թաթոյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, սակայն միանգամայն դատապարտելի, երբ նա դա անում է դեռևս ՀՀ ՄԻՊ եղած ժամանակ՝ արհեստական խոչընդոտներ և լարվածություն առաջացնելով տարբեր գերատեսչությունների հետ աշխատանքներում, որն էլ իրենց հերթին նպաստում են պետական ինստիտուտների հանդեպ քաղաքացիների կողմից անվստահության առաջացմանը։