«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելեցին Մյասնիկյանի արձանի տարածք, ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակին։
«Մարտի 1-ը ցավ է բոլորի, ամբողջ հայ ժողովրդի համար», — լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ բարոյական չէ, երբ լրագրողները հետաքրքրվում են ԲՀԿ-Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: Նա որպես հիմնավորում նշում է այն, որ ԲՀԿ-ն այս պահին համագործակցում է նոր կառավարության հետ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաեւ իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, Ծառուկյանը ջղաձգված պատասխանեց. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»: