Էսօրվա պես հիշում եմ, հարցրեցի՝ «Որ հրաման լինի, կկրակե՞ք մեզ վրա»:

 

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններին.

Էսօրվա պես հիշում եմ:

Մինչ Մարտի 1-ի հայտնի զարգացումները, դեռևս մի քանի oր առաջ Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված էին զինվորական տարբեր ստորաբաժանումներ:

Այդ ժամանակ դեռ Պոլիտեխնիկի ուսանող էի, ով բազմաթիվ այլ ուսանողների նման՝ նկատելով ու հասկանալով երկրում տեղի ունեցող ու երկիրը դեպի կործանում տանող անարդարությունները, դասի հաճախելու փոխարեն ամեն օր գնում էի Ազատության հրապարակ` փորձելով իմ համեստ ներկայությամբ ու մասնակցությամբ լրացնել բազմահազար հայենակիցների բարձրաձայնած բողոքի ձայնը:

Փորձում էի ժողովրդի հետ պայքարել մաֆիոզ իշխանության դեմ, որն արդեն իսկ չարիք էր դարձել նույն ազգի համար:

Մի օր առավոտյան ընկերներիս հետ հավաքվել էինք մատենադարանի մոտ, որտեղից պատրաստվում էինք գնալ դեպի Ազատության հրապարակ, երբ մի քանի մետր հեռավորության վրա տեղակայված զինվորական ստորաբաժանումներից մի զինվոր մոտեցավ ու նկատելով ձեռքիս տուփը, ծխախոտ խնդրեց: 1-ի փոխարեն ամբողջ տուփը տվեցի ու ասեցի, որ ընկերներին էլ տա, ու էդ պահին մի միտք ծնվեց մոտս:

Հարցրեցի՝ «Որ հրաման լինի, կկրակե՞ք մեզ վրա»:
Հարցս տալուց հետո զինվորն ասես տեղում քարացավ, վախեցած ինձ էր նայում ու կողքս կանգնած ընկերներիս:

Վերջինիս պահվածքը թերևս շատ ավելի շատ բան ասեց, քան նրա «Չէ ախպերս» պատասխանը` դա ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել նրա հետ:

Մարտի 1-ից անցել է 10 և ավելի տարի, իսկ այսօր նախկիններն այս իշխանությանը մեղադրում են ազգին, քաղաքացիներին սև ու սպիտակի բաժանելու մեջ` մոռանալով, որ հենց իրենք էին զորքը սահմանից բերել Երևանի կենտրոն` իրենց իսկ քաղաքացիների դեմ պայքարելու համար, հենց իրենք էին զինվորին հանել իր իսկ ծնողի, բարեկամի ու ազգակցի դեմ:

Մարտի 1-ը հայ ազգի պատմության ամենախայտառակ էջերից մեկն է, երբ հայը կրակեց հայի վրա` մաֆիոզ կլանի իշխանությունն ապահովելու համար:

2008-ի գարնան առաջին օրը գողացան Հայաստանի քաղաքացուց, գողացան ու պահեցին նաև դրան հաջորդող 10 տարիների ընթացքում:

Բայց քաղաքացին իր մեջ ուժ գտավ գողացված գարնան առաջին օրը հետ բերելու, ու հետագայում էլ ուժ կգտնի ամուր պահելու ու թույլ չի տա, որ նույնիսկ փորձ անեն այն գողանալու, իսկ այդ ամենի երաշխիքը Մարտի 1-ի մեղավորների պատիժն է:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԳԱՐՈՒՆ ՉԵՆ ԳՈՂԱՆԱԼՈՒ:

Էսօրվա պես հիշում եմ:Մինչ Մարտի 1-ի հայտնի զարգացումները, դեռևս մի քանի oր առաջ Երևան քաղաքի տարբեր հատվածներում…

Posted by Taron Chakhoyan on Thursday, February 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ