Անանուն աղբյուրից լրատվամիջոցը կարող է օգտվել, բայց պետք է գիտակցի, որ պատասխանատվությունն ինքն է կրելու

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց ՔՊ-ի ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել չնույնականացված աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Այս առնչությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ամիսներ շարունակ պայքարել են, որ այդ օրենքի հեղինակները փոխեն իրենց դիրքորոշումը. «Հիշում եք, որ ի սկզբանե ուզում էին արգելք կիրառել անանուն աղբյուրներից օգտվելու վրա: Հետո բազմաթիվ քննարկումներից հետո նրանք փոխեցին անանունը չնույնականացվող աղբյուրներով, էլի արգելք էր դրվում այդպիսի աղբյուրներից օգտվելու վրա:

Մենք ասում էինք, որ չի կարելի այդպիսի արգելք դնել: Միակ բանը, որ հնարավոր է, եթե լրատվամիջոցը կամ լրագրողը օգտվում է չնույնականացվող աղբյուրներից, տելեգրամյան ալիքներից և այլն, և հայտնի չէ աղբյուրը, ապա այդ պարագայում լրատվամիջոցը պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Այսինքն պետք է ոչ թե արգելել որևէ աղբյուրից օգտվել, այլ պետք է, որպեսզի լրատվամիջոցը պատասխանատու մոտեցում ցուցաբերի և հասկանա, որ եթե չստուգված աղբյուրից կամ չնույնականացվող աղբյուրից ինքն օգտվում է, իր վրա պատասխանատվություն է վերցնում:

Պատասխանատվությունը բովանդակության համար կարող է լինել, և ոչ թե աղբյուրից օգտվելու: Պետք է ասել, որ այս վերջին օրերը, մասնավորապես, երեկ, մե պահանջներին, հորդորներին նրանք ականջալուր եղան և փոխեցին ու դարձրեցին այնպես, ինչպես կա ընդունված միջազգային պրակտիկայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ նույն նախագծով լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում ևս փոփոխություն է իրականացվել, ըստ որի «եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման», Աշոտ Մելիքյանն ասաց. «Դա կարծում եմ՝ դեռ քննարկման հարց է, բայց բոլորիս հայտնի է, որ բազմաթիվ հարթակներ են բացվել, որոնք որևէ տեղեկություն իրենց մասին չեն ուզում հաղորդել, որևէ կերպ կոնտակտային տվյալներ, սեփականության մասին տվյալներ չեն ուզում տալ: Այսինքն իրենք իրենց լսարանի հետ անազնիվ են աշխատում: Այդ բոլոր անազնիվ աշխատողներին օրինական դաշտ, պրոֆեսիոնալ դաշտ բերելու մեխանիզմներից մեկը այդ ամենը հավատարմագրման հետ կապելն է: Հասկանալի է, որ կայացած լրատվամիջոցներն, այնուամենայնիվ, ուզում են հավատարմագրված լինել երկրի տարբեր պետական մարմիններում և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ես կարծում եմ, որ պետք է այս լուծման օպտիմալ տարբերակը գտնել: Անկեղծ ասած, ես պլանավորում եմ մոտակա օրերին հանդիպել հանձնաժողովի նախագահին և լրագրող պատգամավորների հետ, և կփորձեմ հասկանալ, թե ինչ տեսքով են իրենք, այնուամենայնիվ, ներկայացնելու օրենքի նախագիծը: Մինչև երեկ այն փոփոխությունների էր ենթարկվել»:

Նա կոչ արեց լրագրողական հանրությանը, նաև մեդիա փորձագետներին ակտիվորեն միանալ քննարկումներին և իրենց մտավախությունները հայտնել. «Միգուցե կան բաներ, որոնք օրենքի հեղինակները չեն նկատել, և միասին միգուցե բարելավենք, որովհետև ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: Բանն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունն այսպես, թե այնպես իրեն ցանկալի օրինագծերը անցկացնում է և շատ քիչ է գնում քննարկումների և հաճախ ուղղակի ինքնուրույն է ամեն ինչ անում, չի հետաքրքրվում փորձագիտական հանրության կարծիքով: Բայց այն պարագայում, ինչքանով հնարավոր է անցնել այդ գործընթացով, վերափոխել օրենքները, այդ հնարավորությունը պետք է օգտագործել»:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ նոր փոփոխություններով սահմանվում է, որ լրատվամիջոցները կարող են օգտվել անանուն աղբյուրներից, բայց դրա պատասխանատվությունն իրենք են կրելու. «Այսինքն որևէ աղբյուրից որևէ տեղեկություն վերցնելը, և տելեգրամյան աղբյուրներից, և ֆեյսբուքից, ֆեյք օգտատերերի գրածները կարող է վերցնել լրատվամիջոցը և օգտագործել, բայց ինքը պետք է հասկանա, որ եթե այդտեղ կա վիրավորանք, զրպարտություն, ապատեղեկատվություն, պատասխանատվությունն ինքն է կրելու»:

Նա ընդգծեց, որ այդուհանդերձ այսպիսի փոփոխության անհրաժեշտություն կար. «Տեխնոլոգիապես այսպիսի զարգացման պարագայում և գործող օրենքի հնացած վիճակով, երբ նա չի կարգավորում բազմաթիվ հարցեր, որոնք ծագել են հենց տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, իհարկե, ինչ-որ այդպիսի կարգավորում անհրաժեշտ էր»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ