ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Գործող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: «Հայկական ժամանակը» քաղաքապետի թեկնածուի հետ խոսել է շուրջ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների, նախընտրական իրավիճակի ու հետագա անելիքների շուրջ:

— Պարոն Գրիգորյան, նախորդ տարվա նոյեմբերի 24-ին նշանակվեցիք քաղաքապետի պաշտոնակատար: Շուրջ 1 տարվա ընթացքում ի՞նչ հասցրիք անել համայնքի համար:

— Տեղյակ եք, որ Ստեփանավան համայնքն ավագանի չուներ, և մենք առաջնորդվեցինք 2019 թ.-ի բյուջեով, ինչի հետևանքով մի շարք հարցերում մեր հնարավորությունները սահմանափակ էին, բայց կարողացանք նույն սուբվենցիոն ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Դրա շրջանակներում բազմաբնակարան 4 շենքի տանիքներն ենք նորոգել, Երիտասարդական փողոցն ենք ամբողջովին կապիտալ վերանորոգել, 3 բազմաբնակարաններ ենք ջերմամեկուսացրել: Տվյալ պահին էլ կենտրոնական փողոցն է ամբողջովին կապիտալ նորոգվում, որը ներառում է նաև Բաղրամյան և Վիրահայոց փողոցները: Ճանապարհը նորոգվում է իր ենթակառուցվածքներով: Ստեփանավանի համար այս ամենը աննախադեպ է թե՛ ճանապարհաշինության, թե՛ ընթացող շինարարության ծավալներով: Առաջիկայում էլ կհայտարարվի Արմանիս-Կաթնաղբյուր ճանապարհի հիմնանորոգման մրցույթը: Այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40-50 տարի առաջ և արդեն պարզապես անանցանելի է: Մեզ համար բացարձակ տարբերություն չկա Ստեփանավանի և մյուս բնակավայրերի միջև: Այնտեղ, որտեղ կան խնդիրներ, մենք լուծել ենք և լուծում ենք:

— Ի՞նչ խնդիրներ առաջացան ավագանի չլինելու հետևանքով:

— Մի քանի ծրագրեր ավելին կանեինք համայնքի համար: Ավագանի չունենալն իր բացասական հետևանքները բերեց համայնքին:

— Ձեզ «ժառանգություն» հասավ բավականին խնդրահարույց քաղաք, որտեղ բազմաթիվ խնդիրներ կային: Համայնքի նախկին ղեկավարին և մի քանի այլ աշխատակիցների մի շարք մեղադրանքներ կան առաջադրված:

— Համայնքային նախկին իշխանությունները բավականին չարաշահումներ են արել: Կան մի քանի քրեական գործեր հարուցված թե՛ համայնքի բյուջեի գանձումների ու յուրացումների, թե՛ ապօրինի հողհատկացումների հետ կապված: Մենք այս տարի պլանավորել էինք քաղաքային այգին հիմնանորոգել պետության աջակցությամբ, ընթացքում պարզվեց՝ այգու մի մեծ հատված սեփականաշնորհված է, բայց դրա իրավունքը չի եղել: Քաղաքի բազմաթիվ այլ տարածքներ, կանաչ գոտիներ և չմասնավորեցվող հողեր են վաճառվել մի քանի անգամ ցածր արժեքով: Համայնքին պատճառված վնասը շատ մեծ է:

— Հետամուտ լինելո՞ւ եք պատճառված վնասների վերականգման և սեփականությունը համայնքին վերադարձնելու գործում:

— Միանշանակ, այն, ինչը համայնքինն է, վերադառնալու է համայնքին: Մինչև վերջ պայքարելու ենք, որ դա լինի ստեփանավանցիներինը, ոչ թե ինչ-որ մեկինը:

— Քարոզարշավն արդեն մեկնարկել է: Դուք գլխավորելու եք ՔՊ համամասնական ցուցակը: Ի՞նչ ծրագրով եք գնում ընտրության:

— Մեր ծրագիրն այն է, որ Ստեփանավանում միանշանակ ապագա կա, և այդ ապագան մենք տեսնում ենք: Մեզ համար առաջնայինը համայնքի շահն է, համայնքի բնակչի շահը: Ունենք հստակ զարգացման ծրագիր: Ստեփանավանցին նոյեմբերի 14-ին կորոշի իր ապագան ու կտա վստահության իր մանդատը: Ես համոզված եմ, որ այս ընտրություններում ժողովուրդն իր կամքով է քվեարկելու: Մենք համոզված ենք, որ մեր արած աշխատանքը տեսնելով և մեր վաղվա ծրագրերի մասին իմանալով՝ բնակչությունը մեզ կվստահի քաղաքը զարգացնելու գործը:

— Քանի՞ հոգուց է բաղկացած ավագանու համամասնական ցուցակը, և ովքե՞ր կլինեն:

— Մեր ցուցակը բաղկացած է 30 հոգուց, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ են: Նրանք ունեն անուն, հարգանք, ճանաչելիություն, մարդիկ են, որոնք վաստակ ունեն իրենց ոլորտներում: Մեր ցուցակում չկան մարդիկ, որոնք ընդգրկվել են սեփական շահը առաջ տանելու համար:

— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Համայնքային նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծես թե միավորվել են և հնարավոր է՝ գործեն Ձեր դեմ:

— Միանշանակ համոզված եմ, որ ստեփանավանցին ինքն է որոշելու, թե ում հետ կապի իր ապագան, և դրա համար էլ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք սկսել են խառնվել ինչ-որ կերպ, մերժվելու են ժողովրդի կողմից: Նրանց նպատակը մեկն է՝ գալ իշխանության ու ջնջել իրենց կատարած ապօրինությունների հետքերը: Բայց ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նրանց վերադարձը թույլ չի տա: Ես կհորդորեմ և կխնդրեմ ժողովրդին, որ անպայման մասնակցեն ընտրություններին: Ցանկացած ձայն լինելու է որոշիչ, և հենց իրենք են որոշելու իրենց և քաղաքի վաղվա ապագան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ