Մարզական կենտրոնից ինձ դուրս շպրտեցին փողոց, ինչպես անպետք շանը․ Յանա Եգորյան

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը կոշտ է արձագանքել Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնից իրեն աշխատանքից ազատելուն: Եգորյանն իր մեկնաբանությունը տեղադրել է Instagram-ում:

Եգորյանը մանկուց ապրել է մերձմոսկովյան Խիմկիում և ներկայացնում է Մոսկվայի մարզը համառուսաստանյան մրցումներում:

«Մոսկվայի մարզն ինձ բացարձակապես ոչինչ չի տվել: Ես երբեք նրանցից ոչինչ չեմ պահանջել: Եվ հիմա նրանք պարզապես ինձ դուրս շպրտեցին: Նրանք ինձ, ինչպես անպետք շանը, դուրս շպրտեցին փողոց և կարծում են, որ ես կլռեմ:

Երկրորդ ամիսն է՝ ես աշխատավարձ չեմ ստացել, բայց ես դեռ մարզվում եմ՝ ավելի առաջ գնալու և նոր մեդալներ նվաճելու համար: Բայց, ցավոք, Մոսկվայի մարզին ես պետք չեմ», – գրել է Եգորյանը:

Մարզիկը հավելել է, որ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկը, ըստ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևի, Ռուսաստանի առաջնությանը բաց թողնելն էր, որին Եգորյանը չի մասնակցել երեխայի ծնվելու պատճառով, հայտնում է Armsport.am-ը: Նշենք, որ այս տեսաուղերձից հետո Յանա Եգորյանին վերականգնել են իր աշխատանքին:

«Ամեն ինչ լավ ավարտվեց, ինչի համար անսահման ուրախ եմ:

Վերականգնվել եմ իմ աշխատանքում, կշարունակեմ ներկայացնել Մոսկվայի շրջանն ու իմ հարազատ Խիմկի քաղաքը», ասել է Յանան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ