Քովիդի պատճառով Շիրակի մարզի 2 դպրոց փակվել է․ ուսուցիչների և աշակերտների 30 տոկոսը ջերմում է

Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում 14 օր ուսուցումը հեռավար կլինի: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:

Նրա խոսքերով՝ նշված գյուղերում բավականին շատ են հիվանդները, կոնտակտավոր երեխաներ ու հիվանդ ուսուցիչներ կան դպրոցում: Դպրոցական հանրույթի՝ ուսուցիչների և աշակերտների 30 տոկոսը, ըստ պատասխանատուի, ջերմում է:

Ու քանի որ հաջորդ շաբաթվանից սկսվում են աշնանային արձակուրդները, այդ իսկ պատճառով էլ արձակուրդային մեկշաբաթյա ժամանակը, ըստ Գևորգ Ղումաշյանի, կօգտագործեն կոնտակտավորների մեկուսացման համար: Նոյեմբերի 1-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն, եթե պարզվի, որ նշված գյուղերում քովիդով դեպքերի աճ չկա, հիվանդներն էլ ապաքինվել են, նշեց բաժնի պետը: Մարզի հատուկենտ համայնքներում ու նաև Գյումրիում կան հիվանդ աշակերտներ ու ուսուցիչներ, ովքեր բուժում են ստանում քովիդի դեմ: Այդ դպրոցներում դասապրոցեսը հեռավար է միայն կոնտակտավոր և հիվանդ աշակերտների համար, իսկ հիվանդ ուսուցիչներին փոխարինում են այլ ուսուցիչներ:

Հիշյալ գյուղական 2 դպրոցներից բացի մարզի այլ դպրոցներում հեռավար ուսուցման անցած նույնիսկ ամբողջական դասարաններ չկան, փոխանցեց Գևորգ Ղումաշյանը:

Քովիդի դեպքերը ինչպես ամբողջ հանրապետությունում, Շիրակի մարզում էլ նվազման միտում չունեն: Մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ Գյումրիում 2 քովիդ բաժանմունք է գործում, մեկը՝ Գյումրի բժշկական կենտրոնում 60 մահճակալով, մյուսը նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքում, 100 մահճակալով: Ինֆեկցիոն հիվանդանոցը, ինչպես հայտնի է, թղթաբանությամբ, բայց ոչ շենքային պայմաններով, միացել է Գյումրի կենտրոնին և բաժանմունքի կարգավիճակ ստացել, որտեղ բուժում են ստանում քովիդի համեմատաբար թեթև ընթացքով հիվանդները: Ծանր վիճակում գտնվող հիվանդները Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ