Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ:
Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով:
Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով ներկաներին դիմելը` գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:
Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում:
Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ:
Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ: