Այսուհետ տրանսպորտում դիմակ չդնելու համար կտուգանվեն և՛ ուղևորները, և՛ վարորդը. ՀԺ

Հոկտեմբերի 8-ից Երևանում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) խստացված մշտադիտարկումներ է իրականացնում հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ: Օրը երկու անգամ ստուգվում են հանրային տրանսպորտում և մարդատար տաքսի ավտոմոբիլներում ուղեւորների դիմակներն ու ախտահանիչ նյութերի առկայությունը: Գրում է Հայկական ժամանակը:

Եթե նախկինում հասարակական տրանսպորտում ուղեւորների դիմակ չդնելու դեպքում պատասխանատվության էր ենթարկվում տվյալ երթուղին սպասարկող կազմակերուպությունը, ապա հոկտեմբերի 8-ից մոտեցումն այլ է՝ դիմակ չդնելու համար տուգանվում են ուղեւորն առանձին, վարորդն ու տվյալ երթուղին սպասարկող կազմակերպությունն էլ՝ առանձին:

ՔՏՀԱ Երեւանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ Արթուր Արաբաչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ընդհանուր պատկերն այնքան էլ գոհացուցիչ չէ: «Մեր խնդիրներն ուղեւորներն են, նրանք առհասարակ դիմակ չեն դնում: Գրեթե բոլորն իրենց մոտ դիմակ ունեն, բայց չեն դնում»,- ասաց նա:

Տարածքային բաժնի պետի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-12-ը մշտադիտարկվել է 663 հանրային տրանսպորտ, կազմվել՝ 106 արձանագրություն:

Արաբաչյանը նկատեց, որ չնչին դրական տեղաշարժ է նկատվել միայն հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում. ուղեւորներին որոշակիորեն զգոնացրել են իրենց նկատմամբ կազմվող վարչական վարույթները: Դիմակ չդնելու դեպքում ուղեւորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաեւ վարորդների դեպքում: Իսկ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետեւանքը կարող է լինել նախազգուշացումից մինչեւ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ:

Ի դեպ, այսօր առավոտից որոշ ավտոբուսների վարորդներ իրենց մոտ տոպրակով դիմակներ են պահում եւ դրանք տրամադրում դիմակ չունեցող ուղեւորներին: Արաբաչյանը հայտնեց, որ դա վարորդների բարի կամքի դրսեւորումն է: «Մենք բոլոր կանոնավոր երթուղիները շահագործող կազմակերպությունների տնօրեններին հրավիրել եւ խիստ նախազգուշացրել ենք, որ իրենց վարորդների շրջանակներում իրազեկման-բացատրական աշխատանքներ իրականացնեն: Կարծում եմ՝ իրենք, շատ լավ իմանալով, որ վարչական վարույթն առաջին հերթին կազմվում է իրենց նկատմամբ, տրամադրում են վարորդներին, որ նրանք էլ, ըստ անհրաժեշտության, բաժանեն»,- եզրափակեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ