Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին

Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի անհանգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։
Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ:

Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի, որ քաղաքացին, գլուխը մեքենայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրավորանքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։

Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։ Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։

Հուսով եմ, որ ատելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։

Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրահապատ մեքենայով և թիկնազորով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սադրանքներից և հարձակումներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։ Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրավորանքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հանդուրժելու և անպատասխան չենք թողնելու։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի ոտնահարել դիմացինի արժանապատվությունը։

Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։
Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։ Ահա և հայկական համացանցը ցնցած վերջին նյութի պատմությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ