Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար:
«Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել:
Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հավելելով.
«Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել, և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը:
«Դա ևս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,- ասել է վարչապետը: