Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը:
«Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս:
Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար: