«Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ…»․ Արման Թաթոյան

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:

Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ այս պահին ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:

Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են:

Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:
Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ:

Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ