Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին[3]՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար։
Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով։[փա՞ստ]Անդրանիկի մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, և նրան խնամել է իր ավագ քույրը՝ Նազելին։ Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոցը 1875-1882 թվականներին, այնուհետև աշխատել է հոր ատաղձագործության խանութում։
Նա ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնվելուց 1 օր հետո։
Օսմանյան Կայսրությունում Հայերի համար իրավիճակը վատթարացել է Աբդուլ Համիդի (Կարմիր Սուլթան) օրոք, որը ձգտում էր միավորել բոլոր մուսուլմաններին իր իշխանության տակ[6]։ 1882 թվականին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։
Անդրանիկը Պոլսում մնաց մինչև 1886 թվականը, որտեղ աշխատում էր որպես ատաղձագործ։ Նա սկսել է իր հեղափոխական գործունեությունը 1888 թվականից Սիվաս գավառից։ 1891 թվականին միացել է Հնչակյան կուսակցությանը։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հակահայկականությունով։ Անդրանիկը ևս մեկ անգամ փախել է բանտից։
1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ), որից հեռացել է 1917 թվականին։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։ 1894 և 1896 թվականներին տեղի ունացած հայկական ջարդերին զոհ է գնացել համապատասխանաբար 80000 և 300, 000 մարդ։